Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Աղջիկ երեխաների միջազգային օրն է: 2012 թ. հոկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունն առաջին անգամ աշխարհում նշեց Աղջիկ երեխայի միջազգային օրը:

Օրվա նպատակն է ուշադրություն դարձնել այն խնդիրների լուծման վրա, որոնց բախվում են աշխարհի բոլոր աղջիկները, եւ նպաստել նրանց իրավունքների ընդլայնմանն ու պաշտպանությանը:

Աղջիկ երեխաների միջազգային օր

Երեխաների վաղ ամուսնությունը նրանց հիմնական իրավունքների խախտում է եւ բացասական ազդեցություն է ունենում աղջիկների կյանքի վրա:

Վաղ ամուսնությունը զրկում է երեխաներին մանկությունից: Նրանց ստիպում են հրաժարվել կրթությունից, իսկ ընտանեկան բռնությունների հավանականությունն աճում է մի քանի անգամ:

Այս եւ մնացած բոլոր խնդիրներից խուսափելու համար ՄԱԿ-ն առաջարկել է մի օրինագիծ, որի մեջ մտնում է ամուսնության նվազագույն տարիքի փոփոխությունը, որակյալ նախնական եւ միջնակարգ կրթության ապահովումը եւ այլն:

Տոնը, որքան էլ որ կարող է զարմանալի թվալ, ՄԱԿ-ը կապում է աղջիկ երեխաների անչափահաս կամ մանուկ հասակում ամուսնանալու հիմնախնդրի հետ, որն այսօր առկա է աշխարհի մի շարք ռեգիոններում եւ ունի կրոնա-մշակութային արմատներ: Ի դեպ, հայերի մեջ եւս սովորություն է եղել փոքր տարիքում աղջիկների ամուսնությունը, ինչի քննադատությանն է ուղղված եղել Հովհաննես Թումանյանի «Մարոն» պոեմը:

Այս տոնի նպատակն է՝ հանրության ուշադրությունը հրավիրել աղջիկ երեխաներին վերաբերող հիմնախնդիրներին։ Դրանցից են՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, անչափահասների հղիությունը եւ դրանով պայմանավորված ընդհատումները։ Հայաստանը նույնպես այն երկրների ցանկում է, որտեղ այս դեպքերը շատ մտահոգիչ են։

Աղջիկ երեխաների միջազգային օր

ՄԵՐ ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ

• Հայաստանում բնակվում է մոտ 422.000 աղջիկ երեխա (0-ից 18 տարեկան)

• Մեր աղջիկ երեխաների ամեն հինգից երկուսն (42.8%) ապրում է աղքատության, իսկ ամեն հարյուրից գրեթե չորսը (3.7%)՝ ծայրահեղ աղքատության մեջ:

• Հայաստանում աղջիկ երեխա ցանկացող ամեն ընտանիքին բաժին է ընկնում տղա երեխա ցանկացող վեց ընտանիք։

• Հայաստանում ամեն տարի հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով չի ծնվում միջինը 1400 աղջիկ երեխա:

• Մեր երկրում աղջիկ երեխաներն արդեն մոտ 45.000-ով քիչ են տղա երեխաներից (0-ից 18 տարեկան), և այդ միտումը շարունակվում է:

• 2011 թ.-ին Հայաստանում ծնվել է 20287 աղջիկ և 23160 տղա, այսինքն՝ 100 աղջկան բաժին է ընկել 114 տղա, մինչդեռ բնական համամասնությունը պիտի լիներ 100 աղջկան՝ 102-106 տղա:

• Հայաստանում նորածին աղջիկներին ամենահաճախն անվանակոչում են Մանե, Միլենա կամ Էլեն (2011):

ՄԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԸ` ՄԵԾԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

• Ստանում են կրթություն (Հայաստանում բարձրագույն կրթությամբ անձանց մոտ 60 տոկոսը կանայք են):

• Ամուսնանում են միջինը 24.6 տարեկանում (2010):

• Ունենում են միջինը 1-2 երեխա (երկու կնոջը բաժին է ընկնում երեք երեխա) (2010):

• Փորձում են գտնել իրենց տեղը (Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների ավելի քան 70 տոկոսը կանայք են):

Ապրում են միջինը մինչև 77 տարեկան՝ 7 տարի ավելի, քան տղամարդիկ։