Ինչպե՞ս ես ամեն ինչ հասցնում,- հաճախ հարցնում են ինձ իմ շրջապատի այն կանայք, ովքեր կամ չեն աշխատում կամ աշխատում են ոչ լրիվ դրույքով: Իմ պատասխանը միշտ նույնն է՝ չեմ հասցնում ? Չեմ հասցնում դիտել հեռուստացույց կամ դիտում եմ այն, ինչ երեխաներս են սիրում (անգիր գիտեմ բոլոր մուլտերի և ֆիլմերի հերոսներին), չեմ հասցնում մասնակցել տարբեր հավաքույթների և հանդիպումների, ուր չեմ կարող տանել երեխաներիս, մարզասրահ եմ այցելում վաղ առավոտյան, երբ շատերը քնած են: Բայց լիովին տեղյակ եմ երեխաներիս կյանքում կատարվող ամեն ինչից, գիտեմ ինչ են նրանք զգում, ինչ են սիրում և ինչից են նեղսրտում, իսկ ամենակարևորը՝ գիտեմ, որ նրանք հպարտ են ինձանով, հպարտ են իմ հաջողություններով, քանի որ իմ օրինակով ես ոգեշնչում են նրանց՝ ցույց տալով, որ ցանկության դեպքում ամեն ինչ կարող ես հաղթահարել ու հասցնել լինել և՛ հասարակության լիարժեք անդամ, և՛ նրանց սիրելի մայրիկը:

Կարծես թե 21-րդ դարում կնոջ աշխատելն արդեն սովորական երևույթ է դարձել: Շատ ընտանիքներում այսօր կանայք կամ նույնքան գումար են վաստակում, որքան տղամարդիկ, կամ նույնիսկ ավելի շատ:

Հարվարդի համալսարանի կողմից անցկացված հետաքրքիր հետազոտության արդյունքներով պարզ է դարձել, որ աշխատող մայրերի երեխաներն ավելի մեծ հնարավորություններ ունեն որպես մեծահասակ կարիերայում հաջողությունների հասնելու, հատկապես, իգական սեռի ներկայացուցիչները։ Այս հարցմանը մասնակցել են 18-ից 60 տարեկան տարիքային խմբի 50,000-ից ավելի անհատներ, ավելի քան 25 ազգություններից: Թվերը և վիճակագրությունն իրենն են ասում:

Աշխատող մայրիկները հիմա հաստատ կուրախանան, այնպես չէ՞:

baby-baby(1)

Ահա և մի քանի խորհուրդներ այն մայրերին, ովքեր նոր են պատրաստվում դուրս գալ աշխատանքի կամ նոր են վերադարձել երեխայի խնամքի երկարատև արձակուրդից:

1․ Նախևառաջ ամենակարևորի մասին – Ձեր փոքրիկի հետ անցկացրեք հնարավորինս շատ ժամանակ: Դուք կկարողանաք միշտ էլ անցածը հետ բերել, կրկին սովորել, այնինչ երեխայի խնամքի ժամանակ գուցե մոռացած լինեք, սակայն Դուք երբեք հետ չեք կարող բերել այն պահերը, որոնք ապրել եք Ձեր երեխայի ամեն մի նոր ձեռքբերումը տեսնելիս:

2․ Հնարավորության դեպքում ընտրեք կես դրույքով կամ ազատ գրաֆիկով աշխատանք, այն շատ է տարբերվում լրիվ դրույքով աշխատանքից: Այսպիսով, օրվա առաջին կեսն անցկացնելով աշխատավայրում, Ձեր առջև կունենաք բավականին շատ ժամանակ երեխայի հետ անցկացնելու համար:

3․ Դե իսկ եթե կես դրույքը հնարավոր չէ, և Դուք արդեն վերադարձել եք լրիվ դրույքով (և մի բան էլ ավելի ? ) աշխատանքի, ապա ընդունեք ցանկացած օգնություն, ինչը կթեթևացնի կենցաղային գործերը: Թեթևանալով կենցաղային գործերից` Դուք ողջ երեկոն և հանգստյան օրերը կլինեք Ձեր երեխայի հետ միասին:

4․ Աշխատանքի վերադառնալուց հետո թույլ տվեք որոշ ժամանակ անցնի մինչև լրիվ ծավալով կմտնեք աշխատանքի մեջ: Եթե Ձեր ընկերությունն աշխատող մայրերի համար սահմանում է ավելի կարճ աշխատանքային ժամեր, ապա անպայման օգտվեք դրանից, հիշե՛ք, որ գործը երբեք չի վերջանում, իսկ Ձեր փոքրիկը տանն անհամբեր Ձեզ է սպասում:

5․ Աշխատանքից դուրս ժամերն օգտագործեք խելացի կերպով: Եթե ցանկանում եք երեխայի հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել, ապա պետք է ընտրեք ժամանցի այնպիսի ձևեր, որին կմասնակցի նաև փոքրիկը: Ժամանակը նույնպես պետք է օգտագործել շատ արդյունավետ. հրաժարվեք այնպիսի գործերից կամ հանդիպումներից, որոնք ուղղակի ժամանակի վատնում են:

baby
6․ Բավականին ժամանակ տրամադրեք հանգստանալու համար: Շատ կարևոր բան, որը մոռանում ենք բոլորս: Լիովին նվիրվելով աշխատանքին, իսկ երեկոյան ընտանեկան հոգսերին` մենք շատ հաճախ մոռանում ենք ինքերս մեր մասին: Սա, իհարկե, շատ երկար ժամանակ չի կարող մնալ անհետևանք: Գերհոգնածությունը շատ հաճախ մայրիկների անբաժան ընկերն է, սակայն և թշնամին, քանի որ հոգնածությունը հանգեցնում է սթրեսների, նյարդայնացած լինելուն և, իհարկե, բացասաբար ազդում երեխայի վրա:

7․ Եթե զգում եք, որ աշխատանքի պատճառով տուժում է Ձեր երեխան և ընտանիքը, մի՛ անտեսեք այդ փաստը: Հիշե՛ք, եթե կա ցանկություն, ապա Դուք միշտ կարող եք հետ բերել կորցրած գիտելիքներն ու հմտությունները, իսկ ժամանակը՝ ոչ:

5
Որքան էլ որ կարիերան և մասնագիտությունը մեծ կարևորություն ունեն կյանքում, միևնույն ժամանակ ճիշտ է այն համոզմունքը, որ կնոջ առաքելությունը երջանիկ երեխաներ դաստիարակելն է: Մեր երեխաները մեզ սիրում են անկախ նրանից, թե մենք հաջողված կարիերա ունեցող top-manager ենք, թե տնային տնտեսուհիներ:

Նյութը՝ staff.am – կայքից
Հեղ․՝ Աննա Հակոբյան