Նվեր ընտրելիս հարկավոր է առաջին հերթին հաշվի առնել այն ստացողի նախասիրությունները: Մտերիմ մարդկանց նվերները կարելի է ընտրել նրանց հետ միասին:

Պատանին չպետք է երիտասարդ աղջկան սպիտակեղեն նվիրի, հատկապես, եթե աղջիկն ապրում է ծնողների հետ: Խորհուրդ չի տրվում նվեր տալ տանը եղած իրերից, եթե նույնիսկ դրանք բոլորովին նոր են: Օգտագործված իրերից որպես նվեր կարող են պետքական լինել միայն հին արժեքավոր և ոսկերչական իրերը:

Խորհուրդ չի տրվում`

  • նվիրել շատ էժանագին նվերներ, քանի որ դա կարող է ժլատության տպավորություն թողնել.
  • նվիրել ոչ պիտանի իրեր, եթե նույնիսկ դրանք շատ թանկարժեք են և որակյալ: Օրինակ, ձկնորսության պարագաներ նվիրել այնպիսի մարդու, որն անտարբեր է ձկնորսության հանդեպ.
  • տղամարդուն նվիրել քաղցրեղեն կամ ծաղիկներ՝ այլ առիթներով, բացի ծննդյան տարեդարձից: Շպարանյութեր և դիմահարսդարանքի միջոցներ նվիրում են միայն մտերիմներին.
  • կանանց նվիրել մոխրամաններ, կրակվառիչներ կամ ծխելու հետ առնչվող այլ առարկաներ՝ անկախ այն բանից՝ ծխում է նա, թե ոչ.
  • կանանց նվիրել տարբեր տեսակի ոգելից խմիչքներ.
  • կնոջը ծննդյան տոնի կամ Մարտի 8-ի առթիվ նվիրել եփել-թափելու կամ լվացքի պարագաներ.
  • վեճը հարթել նվերի միջոցով: Նախ և առաջ հարկավոր է փոխհարաբերությունները շտկել, նոր միայն նվերով դրանք շարունակել.
  • նվերն հանձնելիս շեշտել նրա գինը և նկարագրել, թե որքան դժվարությամբ է այն ձեռք բերվել.
  • քննադատել նվերն ու մատնանշել դրա թերությունները.
  • բնակարանամուտի խնջույքին կամ հարսանիքին նվիրել կենցաղում չկիրառվող իրեր:

Ծննդյան օրվա առթիվ սովորաբար նվիրում են ծաղիկներ, քաղցրավենիք, գրքեր, զարդեր և այլն: Հարգի է մտերիմներին ինքնուրույն պատրաստված իր նվիրելը (հեղինակային նկար, գորգ կամ արվեստի որևէ գործ): Ծննդյան օրվա առթիվ կարելի է նաև դրամական նվեր անել: Դրամը անպայման տրվում է ծրարով: Ցանկալի է՝ ծրարի հետ տուփով քաղցրավենիք կամ ծաղիկներ նվիրել:

Հարսանիքի կամ հոբելյանի ժամանակ սովորաբար ավելի թանկագին նվեր են տալիս: Հարգի են ոսկերչական իրերը, զանազան կենցաղային պարագաները, արվեստի ստեղծագործությունները: Նվերը պետք է լինի ընդհանուր օգտագործման համար: Նպատակահարմար է միացյալ նվերը՝ ազգականների, բարեկամների և աշխատանքային ընկերների կողմից, որի շնորհիվ նորապսակներն ավելի արժեքավոր և պետքական իրեր են նվեր ստանում: Միևնույն իրը նվիրելուց խուսափելու համար լավ կլինի ընդհանուր ծանոթների միջոցով հետաքրքրվել, թե ով ինչ է պատրաստվում նվիրել: Մեզանում տարածված չէ, սակայն Անգլիայում երիտասարդ զույգն ամուսնանալիս կազմում է իրենց անհրաժեշտ իրերի ցուցակը, ըստ որի ազգականներն ու ծանոթները նվերներ են բերում. այդ իմաստով անգլիացիների համար բավական հեշտ է նորապսակ զույգին նվերներ պատրաստելը:

Ամանորի նվեր ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ թե արժեքին, այլ ինքնատիպությանը: Հարգի է նվիրել գրքեր, ալբոմներ, օրացույցեր, տարվա խորհրդանիշներ (փափուկ խաղալիքներ) և այլն: Սուրբ ծննդի առթիվ նվիրում են այն, ինչ մարդը վաղուց ցանկանում էր ունենալ:

Մարտի 8-ի կամ Ապրիլի 7-ի առթիվ կանանց կարելի է նվիրել ծաղիկներ և այն ամենն, ինչ թելադրում է տղամարդկային երևակայությունը:

Հյուրընկալվելիս տանտիրուհուն նվիրում են ծաղիկներ, կոնֆետներ կամ քաղցրավենիք: Հատուկ հանդիսավոր առիթի դեպքում կարելի է ծաղիկներն ուղարկել տոնի նախօրեին՝ դրանց կցելով համապատասխան գրություն:

Եթե հրավիրված եք այնպիսի ընտանիք, որտեղ երեխաներ կան, նրանց համար հարկավոր է վերցնել քաղցրավենիք կամ խաղալիք:

Երկարատև ճամփորդությունից վերադառնալիս ազգականների և բարեկամների համար հուշանվերներ են բերում: Դրանք կարող են լինել անգամ ամենասովորական ծովաքարեր կամ ծովախեցիներ:

Բոլոր տեսակի նվերները մատուցվում են փաթեթավորված, բացի ծաղիկներից (թափանցիկ թղթի դեպքում` ծաղիկները նույնպես):

Նվերը պետք է հանձնել ի սրտե, ժպտալով, իսկ շնորհակալական խոսքերը լսել համեստորեն:

Որևէ մեկին որևէ առիթով նվեր ուղարկելիս պետք է հոգ տանել, որպեսզի այն հասնի ժամանակին, եթե հնարավոր է տոնի օրը կամ նախօրյակին: