Ամուսնու համար նվեր ընտրելը, թերևս, ամենից հեշտն է, քանի որ դուք շատ լավ գիտեք նրա բոլոր «թուլություններն» ու չիրականացված երազանքները:

Նրա համար լավագույն նվերը կլինի այն, որն առնչություն ունի իր հոբբիի հետ: Օրինակ` ձկնորսության սիրահարին կարելի է նվիրել ձկնորսության պարագաներ, արվեստի սիրահարին՝ համապատասխան գրականություն, երաժշտություն և այլն: Եթե ձեր ամուսինը վաղուց ցանկանում է զբաղվել սպորտով, ապա կարող եք նրան նվիրել համապատասխան մարզաձևի հաճախման կտրոն կամ մարզահագուստ և այլ պարագաներ:

 

 

Սիրելի տղամարդու համար նախատեսված նվերները պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի՝ «անձնապես նրա համար» և «ձեր երկուսի համար»:

«Ձեր երկուսի համար» նվերների մեջ մտնում է այն ամենը, ինչը կարող է խորհրդանշել համատեղ ժամանցը: Օրինակ` շատ լավ նվեր կարող է լինել մոմերի լույսի ներքո ռոմանտիկ ընթրիքը, էքսկուրսիա-ճանապարհորդությունը, ֆուտբոլի, կինոյի, թատրոնի, համերգի տոմսը: Սակայն տոմսեր գնելիս հիշե՛ք, որ անհրաժեշտ է առաջնորդվել առաջին հերթին սիրելիի, այլ ոչ թե ձեր նախապատվություններով:

«Անձնապես նրա համար» նվերներ կարող են համարվել վերնաշապիկը, փողկապը, կրակայրիչը, դրամապանակը, այցեքարտերի գրքույկը, գոտիները և օծանելիքը:

Ոչ մի դեպքում պետք չէ նվիրել համատեղ կյանքի հեռանկար խորհրդանշող իրեր, ինչպիսիք են ապագա բնակարանի կահավորման համար նախատեսված պարագաները: Ուշադրության նման նշանները կարող են խրտնեցնել տղամարդուն: Չէ՞ որ նա, գուցե, դեռևս պատրաստ չէ ավելի մտերիմ փոխհարաբերությունների: Բացի այդ` պետք չէ նվիրել հագուստ, որը նա սովորաբար չի կրում, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ այդ իրը նրան շատ կհամապատասխանի:Ամուսնուն պետք չէ նվիրել այնպիսի իրեր, որոնք հիշեցնում են ընտանեկան պարտականությունների մասին, ինչպիսին է գործիքների հավաքածուն: Պետք չէ նվիրել նաև առաջին անհրաժեշտության պարագաներ՝ գուլպաներ, թաշկինակներ, ներքնազգեստ և այլն: Դա դուք կգնեիք առանց որևէ առիթի..