Երբ մոտենում է սիրառատ տոներով հարուստ փետրվարը, մտածում ենք ռոմանտիկ նվերների և ժեստերի մասին․

ծաղիկների փունջ, շոկոլադե տուփ և մոմերով ընթրիք․․․ հմմմ․․․ առաջին ամենադասական և հնացած մտքերը, որոնք գալիս են մեզ հյուր։ Բայց մեկ րոպե․ շտապե՜ք փակել մտքի դռները և խնդրել արդեն հոգնեցնող հյուրերին որևէ նոր ու հետաքրքիր բան բերել իրենց հետ միասին։

Հետաքրիր տարբերակ կլինի նոր ավանդույթ ստեղծել շնորհավորական բացիկների փոխանցումը, որոնք արտահայտում են, թե որքան եք իսկապես սիրում միմյանց: Մենք հավաքել ենք սիրո տոների համար լավագույն բանաստեղծություններից մի քանիսը, որոնք դուք կարող եք գրել ձեր բացիկի մեջ և արտահայտել Ձեր զգացմունքները սիրառատ հաղորդագրության տեսքով:

 

«Հեռու ես անհաս, իմ լուսե երազ» Վահան Տերյան

Հեռու ես անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն,
Փռված է լույսըդ շուրջըս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։
Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.—
Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ,
Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
Հըրամայել եմ, որ վրաս իշխես։
Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
Քո չարությունը բարիք համարել —
Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին
Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել…

«Առանց քեզ» Պարույր Սևակ

Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն,
Ու ես՝ նորից քեզնից բաժան:
Ժամացույցն է ինձ հետ տնքում,
Վայրկյանները թվում են ժամ:
Թվում է, թե անտես մի ձեռք,
Ծանըր, ինչպես ձուլված կապար,
Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել
Ու ճմլում է անգթաբար:
Ու ցավում է…
Բայց սպասի՛ր.
Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատվում:
Լավ է լինել և ցաված սիրտ,
Բայց ոչ անսեր, անսեր-տրտում:
Չեմ գանգատվում: Քաղցր է այնպես
Դժվար սիրուդ խայտանքն զգալ,
Մութ բիբերիդ փայլով հարբել,
Հարբել – և էլ խելքի չգալ.
Զգալ, որ դու իմն ես հեռվում
Ցավով, սիրով, կարոտներով,
Որ նույն հրով դու ես վառվում,
Հովանում ես նույն հովերով.
Զգալ, որ ես տրվել եմ քեզ
Քո ցանկությանն իսկ հակառակ.
Զգալ այնպե՛ս, որ սեր չերգես՝
Եվ կենդանի սիրտը երբեք
Չդառնա լավ կամ վատ քառյակ…

«Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար» Վահան Տերյան

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…
Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…
Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ…

«Անջատման երգ» Վահան Տերյան

Դու անհոգ նայեցիր իմ վրա

Ու անցար քո խաղով կանացի.

Ես քեզնից դաոնացած հեռացա,

Ես քեզնից հեռացա ու լացի…

Ւմ հոգին ծովերում անծանոթ

— Մենավոր ու մոլոր մի նավակ,

Մատնեցի փոթորկին աղմկոտ,

Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ…

Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,

Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.

Միայն հողմն է տխուր շառաչում,

Անթափանց մեգ-մշուշ է միայն…

«Դու եկել ես նորից» Պարույր Սևակ

Դու եկել ես նորից, եկել այնպես հանկարծ,
Ինչպես սիրեցիր ինձ և ինձ հմայեցիր,
Նույն հասարակ ու պարզ քո զգեստը հագած՝
Հանկարծ հարց ես տալիս.
– «Ինչո՞ւ ինձ սիրեցիր»:

Ես չգիտեմ, անգի՛ն: Նրա՛ համար գուցե,
Որ այդ պահին հանկարծ վառարանում ձեր հին
Կրակը փուլ եկել և իր լույսն էր գցել
Քո մտորուն դեմքին ու կեռ թարթիչներին:

Նրա՛ համար գուցե, որ ծխանում պատի
Քամին կարծես խոսեց աղջըկական ձայնով,
Եվ հալոցքի մի պաղ, մի անդրանիկ կաթիլ
Ջրհորդանից պոկվեց, ընկավ մայթին ծանոթ:

Նրա՛ համար գուցե, որ ձմռանը հանկարծ
Ամռան բուրմունք առա շքեղ քո վարսերից:
Նրա՛ համար գուցե, որ քեզ սիրտըս ցանկաց,
Բայց ինձ թվաց, թե դու… թե դու ինձ չես սիրի…

Ախ չէ՜, նրա՛ համար… Բայց իբրև պարզ զգեստ,
Նայի՛ր, ձյունն է ծածկել անցած հետքերն հիմա,
Եվ ուրախ եմ, անգի՛ն, որ սիրում եմ ես քեզ
Ու չեմ կարող ասել՝ ինչի՞ համար:

«Դու քնած ես քո տաքուկ անկողնում» Վահան Տերյան

Դու քնած ես քո տաքուկ անկողնում

Եվ արև բախտի երազ ես տեսնում

Դուրսը բքաբեր քամին է տոնում,

Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում…

Դու քնած ես քո տաքուկ սենյակում,

Ւսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ

Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում,

Քո փակ դռները անվերջ ու անվերջ։

Դու ինձ չես տեսնում լուսե երազում,

Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,

Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում,

Բուք ու հողմերում ես քե՛ղ եմ երգում…

«Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր» Վահան Տերյան

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,

Գիշերի պես խորհրդավոր.

Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,

Որպես թովիչ իրիկնամուտ։

Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,

Որպես գարնան մթնշաղում։

Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,

Արբեցումի ոսկե մշուշ։

Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,

Քո աչքերը հոգի տանջող։

Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,

Որպես գարնան իրիկնամուտ։

«Գեղեցիկ ես դու» Պարույր Սևակ

Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են,
Եվ կախարդիչ ես, ինչպես բոլորը,
Որոնց չեն տիրել։
Ե՛վ անսովոր ես,
Քանի որ նոր ես,
Ե՛վ սովորական՝ քանի որ դու Էլ
Երբեք չես կարող չսիրած մնալ…

«Կգամ» Համո Սահյան

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

«Լուսմփոփի պես աղջիկ» Եղիշե Չարենց

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,

Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ …

«Ա՜խ, առանց քեզ» Հովհաննես Թումանյան

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,

Օրը տարի կդառնա,

Բայց ուր լինես, դարձյալ հոգիս

Շուրջդ պիտի թրթռա:

«Մահացու» Հովհաննես Թումանյան

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

«Դու» Պարույր Սևակ

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում…