Դեպի դպրոց

Երբ երեխան առաջին անգամ դպրոց է հաճախում, դա անշուշտ լուրջ և կարևոր իրադարձություն է նրա կյանքում։ Ինչպե՞ս կարելի է երեխային նախապատրաստել դպրոցին և հատկապես առաջին սեպտեմբերի 1-ին։

Սեպտեմբերի 1-ն առաջին դասարանցու համար յուրահատուկ մուտք է դեպի մի նոր, զարմանալի աշխարհ, որը կփոխի մինչ այդ նրա մոտ ձևավորած կարծիքը կյանքի և շրջակա միջավայրի մասին: Ցանկալի է երեխային նախապես տրամադրել դպրոց հաճախելուն։ Պատմե՛ք նրան, թե ինչ լավ է դպրոցական լինելը, կիսվե՛ք Ձեր սեփական դպրոցական վառ հուշերով, խանդավառություն առաջացրեք դպրոցի նկատմամբ

1. Նախպատրաստվել

Անկախ երեխայի հանգստանալու վայրից՝ լինի դա ծովափ, ամառանոց, թե ճամբար, հարկավոր է, որ նա տուն վերադառնա սեպտեմբերի 1-ից առնվազն 3-5 օր առաջ: Ապագա դպրոցականին ժամանակ է հարկավոր, որպեսզի նա հանգիստ միջավայրում, առանց շտապելու նախապատրաստվի դպրոցական կյանքին և հաշտվի այն մտքի հետ, որ ամառն ավարտվում է:

2. «Դպրոց-դպրոց» խաղալ

Ամենից շատ երեխաները վախենում են անորոշությունից: Փորձեք խաղերի միջոցով նախապատրաստել նրան բոլոր հնարավոր իրավիճակներին, որպեսզի նա սովորի, թե ինչպես է պետք բարևել դասընկերներին ու ուսուցիչներին, ինչպես է պետք ձեռք բարձրացնել և պատասխանել հարցերին: Շատ ավելի լավ կլինի, եթե հնարավորության դեպքում երեխայի հետ գնաք դպրոց ու ծանոթացնեք նրան դպրոցին՝ ցույց տալով բոլոր անհրաժեշտ վայրերն ու ծանոթացնելով դասընկերների և ուսուցիչների հետ: Դա կհանգստացնի երեխային և նա իրեն դպրոցում ավելի ազատ կզգա:

3. Մի վախեցրեք երեխային

Սեպտեմբերի 1-ից առաջ չի կարելի երեխաներին վախեցնել («դպրոցում քեզ կսովորեցնեն հնազանդ լինել», «եթե քեզ այդպես պահես, այլևս չեն թողնի, որ դպրոց գնաս» և այլն): Հարկավոր է անել ամեն բան, որպեսզի դպրոց գնալը երեխայի համար լինի սպասված իրադարձություն: Ավելի լավ կլինի, եթե դուք ներկայացնեք դպրոցի դրական կողմերը («դպրոցական համազգեստը քեզ շատ է սազում», «դպրոցում դու շատ նոր բան կսովորես», «դպրոցում դու նոր ընկերներ կգտնես» և այլն):

4. Սկսեք ապրել «դպրոցական» ռեժիմով

Դպրոցից մի քանի օր առաջ հարկավոր է սկսել կարգավորել օրվա ռեժիմը: Սովորեցրեք երեխային դպրոցական կարգուկանոնին: Արթնացրեք նրան առավոտյան ժամը 7-ին, ստիպեք, որ արագ լվացվի, հագնվի և նախաճաշի: Այս կերպ սեպտեմբերին դպրոց գնալը երեխայի համար սթրես չի լինի:

5. Աշխատեք սեպտեմբերին արձակուրդ վերցնել

Առաջին 4-6 շաբաթը դպրոցում ամենաբարդն են երեխայի համար: Ֆիզիոլոգները կարծում են, որ ուսման առաջին շաբաթվա ընթացքում երեխաների հոգեկան ծանրաբեռնվածությունը հավասար թռիչքից հետո առաջին 9 րոպեի ընթացքում տիեզերագնացների ունեցած ծանրաբեռնվածությանը, ուստի ծնողները պետք է ամեն կերպ օգնեն երեխային հարմարվել նոր պայմաններին: Սակայն հարկ է հիշել, որ որքան էլ որ դուք նախապատրաստեք երեխային, միևնույն է առաջին օրերին նա իրեն իր ափսեի մեջ չի զգալու: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այդ ընթացքում տանը ստեղծել առավելագույնս հարմարավետ մթնոլորտ և շրջապատել դպրոցականին ջերմությամբ ու ուշադրությամբ: